Կայուն զարգացում

Կայուն զարգացումը /ԿԶ/ – դա զարգացում է, որը ներկա եւ հաջորդ սերունդների ներկայացուցիչներին երաշխավորում է պատշաճ, առավելագույնս հնարավոր հավասար մեկնարկային պայմաններ՝ իրենց ընդունակությունները դրսեւորելու եւ կենսական կարիքները բավարարելու համար: Կայուն զարգացումը հիմնվում է այնպիսի տնտեսության վրա, որը մարդու իրավունքները պաշտպանող ժողովրդավարական հասարակության մեջ զուգորդվում է էկոլոգիական անվտանգության եւ սոցիալական արդարության սկզբունքների հետ:

Վերոհիշյալ սահմանումը ենթադրում է նաեւ կենսաբազմազանության, լանդշա-ֆտային եւ էթնոմշակութային բազմազանության պահպանման սկզբունքները: Հակիրճ ԿԶ-ն կարելի է բնութագրել ինչպես զարգացման տնտեսական, էկոլոգիական եւ սոցիալական գերակայությունների միջեւ փոխհամաձայնություն (լավա-գույն դեպքում) կամ փոխզիջում (վատագույն դեպքում) ապահովելու ձգտում:

1

 

Առաջին անգամ գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրների, սպառնացող էկոլոգիական ճգնաժամի քննարկումը ՄԱԿ-ի մակարդակով տեղի ունեցավ 1972թ. Ստոկհոլմում: Այնուհետեւ 1992թ. Ռիո-դե-Ժանեյրոյում կայացավ ՙԵրկիր մոլորակ՚ անվամբ Շրջակա միջավայրի եւ զարգացման գագաթաժողովը, որը որպես Կայուն զարգացման համաշխարհային ծրագիր ընդունեց “21-րդ դարի օրակարգը”: Ապա 2002թ. Յոհաննեսբուրգում տեղի ունեցավ Կայուն զարգացման համաշխարհային գագաթաժողովը /Ռիո + 10, Ստոկհոլմ + 30/, եւ վերջապես 2012թ. դարձյալ Ռիո-դե-Ժանեյրոյում կազմակերպվեց “Ռիո +20” Կայուն զարգացման ՄԱԿ-ի համաժողովը: